Բարի լույս:
Բոլորս էլ գիտենք, որ այսօրը երեկվա շարունակությունն է:
Թե՞ դեռ մեզնից մեկը միամտաբար կարծում է, որ բացվող օրվա հետ կարող է իր կյանքը լրիվ փոխել, նորից սկսել: Չհավատա՛ք:
Դա կրկին ամերիկյան խոսք -մագիան է երրորդական երկրների հում ուղեղների համար:
Այսինքն` այսօրվա վատն ու լավը կարող եք հանգիստ ջնջել, վաղվանից ամեն ինչ ցնցող կդասավորե՞ք:
Հա՜-հա՜-հա՜...
Բայց մեզ լա՜վ հարիֆցրին...
Ահա 1991 թվականի վերջաբան բանաստեղծությունս «Պարտություններ» շարքից ։
****
Ըմբոստացումս ընդամենը ինքնաճանաչում կգնահատվի,
երբ Ավետյաց Երկիրը վերջապես դառնա
հայրենիքը ոստիկանների ու մանրավաճառների
հակադարձելի խաժամուժի, և առհավետ կխամրեն
առուվաճառքից երիցս խունացած արժեքները:
Ըմբոստացումս սոսկ ինքնակիզում կորակվի
հղփացած ձիադեմերով պոռնկորդիների
ավտոմոտային կրակահերթերի ընդմիջումներին,
պարադոքսները անգիր սերտած
համբակների ճամարտակությունների ընթացքում
և հույսի փշրանքներով կերակրվող
ժողովրդի աներևակայելի գալարումների ընթացքում:
Ըմբոստացումս, հավանաբար, ինքնախարանում կհասկացվի
արգելված խաչբառերի ուշացած վերլուծումով
և արգելված հիշողությունների վերակենդանացմամբ:
Եվ նզովքով, հավիտենս նզովքով շուրթերիս պղծմամբ`
ըմբոստացումս կնշանակի... ինքնասպանություն:
Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ
Հ.Գ.
Տղա՛ եմ ասել:
Այսօրն էլ եմ տեսել:
Բարի՛, արի՛ լույս ամենքին:
Օրհնյալ օր է: